ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին հարցրի՝ իր կարծիքով Գյումրիի ոճրագործության հետաքննության շուրջ ստեղծված աղմուկը մարդկային գործոնո՞վ է պայմանավորված, թե՞ պատճառն իրավական դաշտում է: «Կյանքը միշտ էլ անակնկալ խնդիրներ է առաջադրում և չեն կարող բոլոր խնդիրները օրենքով կարգավորվել: Ստեղծվում են իրավիճակներ, որ ոչ միայն մարդու մտքով չեն կարող անցնել, այլև ամենավատ երազում էլ չես տեսնի: Իրավիճակի կարգավորման իրավական հիմքերը կան, իհարկե, Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական պայմանագրերում, և ես վստահ եմ, որ գոյություն ունեցող իրավապայմանագրային դաշտի հենքի վրա էլ լուծումները տրվելու են: Ինձ ավելի շատ մտահոգում են ոչ թե իրավական հարցերի լուծումները,այլ երբ մարդկային համակեցության հարցերը քաղաքականացվում են՝ ինչ-որ մեկի շահերից ելնելով»,- պատասխանեց նա: Իմ հարցադրմանը, որ յոթ մարդու սպանությունը հետին պլան մղվեց ու չգիտես ինչու առաջ եկավ մարդասպանին որտե՞ղ և ո՞ր երկրի դատարանում դատելու հարցը, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ հետին պլան մղվեց և չի կարող հետին պլան մղվել: Հանցագործությունը պետք է բացահայտվի իր դրդապատճառներով ու կասկածյալը պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ո՞ր երկրի դատարանով ու ո՞ր երկրի օրենքներով հարցին պատասխանելիս, կարծում եմ, չպետք է գնալ «կամ, կամ»-ի ճանապարհով, այլ՝ համադրել: ՌԴ քաղաքացի և զինվորական ծառայության մեջ գտնվող անձը խախտել է իր երկրի օրենքները՝ զենքով լքելով պահակակետը ու հեռանալով ռազմաբազայից՝ դասալքության մասով ռուսական իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, սպանությունների մասով՝ հայ իրավապահները: Դատաքննությունը և դատավճիռը ևս կարող են համատեղ լինել: Ես շատ լավ հասկանում եմ գյումրեցիների պահանջը՝ մարդասպանին հանձնել հայկական կողմին, և կարծում եմ՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումը ՌԴ-ի իր գործընկերոջը՝ Յուրի Չայկային, կստանա համարժեք արձագանք: Դատավարությունը տեղի կունենա Հայաստանում, և շատ կարևոր է, որ լինի հրապարակային, մարդիկ կարողանան ստանալ իրենց հարցերի պատասխանները»:
«Մարդկանց ձգված նյարդերի վրա խաղալ չի կարելի: Իրականում խնդիրը ռուսական ռազմաբազայի լինել-չլինելուն չի վերաբերում ու գյումրեցիները դեմ չեն ռազմաբազայի Գյումրիում լինելուն: Ի վերջո՝ կա պայմանագի, և այդ պայմանագիրը կասեցնելու հիմքեր չկան, բայց որ Ալեքսանդր Նևսկու անվան ռուսական թիվ 102 ռազմաբազայում ծառայության կարգը, կարգապահական հարցերը պետք է քննարկվեն և եզրակացություններ արվեն ՝ միանշանակ է: ՌԴ պաշտպանության նախարարը առաջին օրերին է այդ հրահանգը տվել: Մենք բոլորս, բնականաբար, շտապում ենք արդարության որոնման մեր ջանքերի արդյունքները տեսնել: Հարուցվել է քրեական գործ և կատարվում է հետաքննություն, հարցը իրավական հարթության մեջ է և պետք չէ ոչ ավելորդ քաղաքականացնել, ոչ նվազեցնել քաղաքական նշանակությունը»՝ եղավ իմ «Ինչո՞ւ հարցը քաղաքականացվեց և սպանության բացահայտման փոխարեն ասպարեզ եկավ ռուսական ռազմաբազայի խնդիրը» հարցի պատասխանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ